Հայտնի բան է, որ որևէ շատ թե քիչ հաջողակ պետական տեսակի միավորում իր գոյության և երբեմն էլ բարգավաճման համար հենվում է իր գումարային հզորության վրա, որն ունի հետևյալ երեք հիմնական բաղադրիչները՝ 1․ Ուժ, 2․ Խելք ու 3․ Ուրիշների հետ ունեցած օգտակար կապեր։
Լինում են նաև պետական տեսակի մասնակի ձախողված կամ լրիվ ձախողված ու կատաստրոֆային մի քանի քայլ չհասած միավորներ, որոնք անգիտաբար կամ որևէ այլ պատճառով զրկվում են այս երեքից մեկից կամ երկուսից։
Եվ լինում են նաև այնպիսի կատաստրոֆիկ ձևով ձախլիկ ձախողվածներ, որոնք հաջողացնում են միանգամից հրաժարվել սեփական հզորության բոլոր երեք բաղադրիչներից։
Սա արդեն հատուկ դեպք է, որը հազիվ թե հնարավոր լինի բացատրել խելքի, գիտելիքի, փորձի բացակայությամբ կամ էլ որևէ պատահականությամբ, քանի որ նման երեք գործոնների միաժամանակ հանդես գալը ունի շատ փոքր շանս և զրոյին մոտ հավանականություն։
Այս երեք բաղադրիչներից առաջինը, այն է՝ ուժ չունենալը համարյա հասկանալի ու դժվար կառավարելի ու նաև երկար ժամանակ պահանջող բան է, իսկ ինչ վերաբերում է խելքին ու օգտակար կապերին, ապա դրանք համեմատաբար հեշտ լուծելի են, բայց և պահանջում են շահագրգիռ մոտեցումներ։
Խելք ունենալու համար պետք է հրաժարվել այն ավանդական մոտեցումից, երբ հենվում ես քեզ նման անկարող տխմարների վրա, ոչ թե գիտելիքներ, փորձ ու հմտություններ ունեցող եզակի անհատների վրա։
Իսկ ուրիշների հետ օգտակար կապեր ունենալու համար էլ պետք չի մոռանալ ու հրաժարվել ավանդական հին կապերից և, թշնամու գիրկը նետվելու փոխարեն, պետք է փնտրել նոր ու իակապես օգտակար կապեր։
Այստեղ հիմնական ցավն այն է, որ պատահական չեն լինում կամ դառնում ձախորդ Փանոս, այլ օրինաչափորեն՝ ապրելու գումարային կամքը կորցնելով կամ էլ այլ անհայտ պատճառներով։
Եվ վերջապես, ապրում են նրանք, ովքեր կարողանում են օգտակար լինել և՛ իրենք իրենց, և՛ ուրիշներին, բայց ոչ՝ թշնամիներին։
Մենք անում ենք լրիվ դրա հակառակը և զարմանալիորեն նաև ուզում ենք ապրել, թե՞ այդպես չի, ապրել էլ չենք ուզում։
Ուկրաինացիների դաժան փորձը մեզ և շատերին պետք է կարևոր բաներ հուշի՝ նրանք իրենք ապրել ուզում են, բայց դա որոշ ուրիշների ձեռնտու չէ և Զելենսկին էլ, անձնական շահից ելնելով, այդ ուրիշերի կողմն է։
Ապրելը խելքով է լինում, ու խելք բանացնելն էլ մնացել է մեր ապրելու միակ շանսը, և դրանից էլ հրաժարվելը այլ բացատրություն է ուզում։
Պավել Բարսեղյան